Լարված իրավիճակ՝ Իրանում. ցուցարարներն արդեն երրորդ քաղաքն են վերցրել վերահսկողության տակ

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը․ քաղաքացիները տարբեր քաղաքներում դուրս են գալիս փողոցներ՝ հնչեցնելով հակակառավարական կարգախոսներ։ Iran International-ի փոխանցմամբ՝ ցուցարարները կոչեր են անում իշխանությունների հեռացման, ինչպես նաև հնչեցնում են միապետության վերադարձին վերաբերող կարգախոսներ։


Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ՝ բողոքի ալիքի շրջանակում ցուցարարները վերահսկողություն են հաստատել արդեն երրորդ քաղաքի՝ Քարաջի նկատմամբ։ Նշվում է, որ քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ առայժմ չի հրապարակվել։


Հավելենք՝ Քարաջը խոշոր քաղաք է Իրանի արևմուտքում՝ Թեհրանից ոչ հեռու, և համարվում է մայրաքաղաքի կարևոր քաղաք-արբանյակներից մեկը։ Այն խոշոր արդյունաբերական կենտրոն է և կարևոր տրանսպորտային հանգույց, որը կապում է Թեհրանը Կասպից ծովի և երկրի այլ շրջանների հետ։


Քաղաքը հանդիսանում է Ալբորզ նահանգի վարչական կենտրոնը և ունի ավելի քան 1,5 միլիոն բնակչություն։ Իրանի իշխանությունները այս պահի դրությամբ պաշտոնապես չեն մեկնաբանել Քարաջում և այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հրապարակումները։

Քաղաքականություն