Նավթի գներն աճել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սրման ֆոնին
ԱՄՆ-ը հարվածների նոր շարք է հասցրել Իրանին։ Սա ամերիկյան հարձակումների արդեն իններորդ անընդմեջ գիշերն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարը խախտվել է։
Իրանը, իր հերթին, հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին։
Հակամարտության սրացումը մեծացրել է Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգության վերաբերյալ մտահոգությունները և հանգեցրել Brent տեսակի նավթի գների աճին։ Մեկ բարելի արժեքը գերազանցել է 90 դոլարը։
«Այս գիշեր մենք նրանց կրկին շատ լուրջ հարված հասցրինք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոն վերադառնալուց հետո։ Նրա խոսքով՝ հարձակումներն իրականացվել են «երեք մեծ հայրենասերների հիշատակին»։
Հարվածների նոր ալիքը հաջորդել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի մահվան մասին։ Նրանցից երկուսը զոհվել են Հորդանիայում ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական հարձակման հետևանքով։ Եվս մեկ զինծառայող շաբաթ օրը զոհվել է Իրաքի հյուսիսում՝ խոցված իրանական անօդաչուի վրա հայտնաբերված չպայթած զինամթերքի վերահսկվող պայթեցման ժամանակ։
Պատերազմի մեկնարկից ի վեր զոհված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 17-ի, իսկ ավելի քան 420-ը վիրավորվել են։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտնել է, որ հարվածների թիրախում եղել են Իրանի ռազմական օբյեկտներն ու հաղորդակցական ցանցերը։
«CENTCOM-ի ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների նոր ալիք՝ արդեն իններորդ գիշերն անընդմեջ։ Այս հարվածները շարունակելու են թուլացնել Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին և քաղաքացիական նավաստիներին հարվածելու կարողությունները»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
Երկու երկրների միջև մարտական գործողությունները վերսկսվել են հուլիսի 8-ին։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր հունիսից գործող հրադադարի դադարեցման մասին։