ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելայում «խոշոր օբյեկտի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ամերիկյան զինվորականների կողմից «խոշոր օբյեկտի» ոչնչացման մասին անցյալ շաբաթ՝ երկու երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին։


«Նրանք (Վենեսուելան - խմբ.) ունեն խոշոր գործարան կամ խոշոր օբյեկտ, որտեղից գալիս են նրանց նավերը։ Մենք այն ոչնչացրեցինք երկու գիշեր առաջ։ Մենք նրանց շատ լուրջ հարված հասցրեցինք», - ասել է Թրամփը։


Թրամփը չի նշել, թե որ օբյեկտի մասին է խոսքը կամ որտեղ է այն գտնվում Վենեսուելայում։


CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյան, մեկնաբանելով Թրամփի խոսքերը, պարզաբանել է, որ խոսքը թմրամիջոցների կարտելի օբյեկտի մասին է, բայց չի տրամադրել որևէ լրացուցիչ մանրամասներ հնարավոր հարվածի մասին։ Թրամփի հայտարարությունը Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի և երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշումը մեծացնելուն ուղղված մի շարք գործողությունների վերջինն էր, ներառյալ վենեսուելական նավթ տեղափոխող տանկերների առգրավումը և Վենեսուելայի սահմանների մոտ ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական ակտիվության ֆոնին։

Քաղաքականություն