Ռազմական

Իրանի Բանդար Աբբաս և Բուշեհր քաղաքներում նոր պայթյուններ են որոտացել

Իրանի Բանդար Աբբաս և Բուշեհր քաղաքներում նոր պայթյուններ են որոտացել

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում և Բուշեհրում, որտեղ տեղակայված են երկրի կարևորագույն միջուկային օբյեկտները, հուլիսի 14-ին նոր պայթյուններ են որոտացել։


Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ Բանդար Աբբասի արևմտյան հատվածում լսվել է առնվազն հինգ պայթյուն։ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է նաև, որ պայթյուններ են գրանցվել Քիշ և Ղեշմ կղզիներում` Քիշում արձանագրվել է վեց պայթյուն, իսկ Ղեշմում՝ ևս մի շարք պայթյուններ։


Միաժամանակ Իրանի Բուշեհր նահանգի քաղաքական և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Էհսան Ջահանյանը հայտնել է, որ ԱՄՆ-ի արձակած հրթիռները հարվածել են Բուշեհր քաղաքի չորս տարբեր վայրերի։ Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։


Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ Բուշեհրի և հարակից Չողադաք բնակավայրի բնակիչները լսել են մի շարք ուժեղ պայթյուններ։


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքում ռազմական թիրախների դեմ հերթական հարվածների շարքը։ Ըստ հայտարարության՝ թիրախավորվել են ռազմական օբյեկտներ Բուշեհրում, Չաբահարում, Ջասկում, Կոնարակում, Աբու Մուսա կղզում և Բանդար Աբբասում։


Վերջին հարվածները տեղի են ունենում Հորմուզի նեղուցի շրջանում լարվածության սրման ֆոնին։ Վաշինգտոնը հայտարարում է, որ վերջին օրերի հարվածները պատասխան են Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ իրականացված գործողություններին։


Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը, Կատարի և Պակիստանի միջնորդությամբ, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր հրադադար՝ որպես պատերազմի ավարտին հասնելու միջանկյալ քայլ։ Սակայն հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրադադարը «ավարտված է»՝ ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250