Արևմուտքը սպասում է այդ ճանապարհների ապաշրջափակմանը․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Արևմուտքը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ և ճանապարհների ապաշրջափակմամբ, ինչը Հայաստանին դարձնում է ավելի հետաքրքիր միջազգային ծրագրերի համար։
Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հավելել է, որ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ հանդիպումների հիմնական թեման տնտեսությունն էր։
«Ե՛վ Բեռլինում, երբ մենք Գերմանիայի Արևելյան բիզնեսի հանձնաժողովի հետ էինք հանդիպում, և՛ Համբուրգում, երբ հանդիպում էինք գործարարների խմբի հետ, բոլորին հետաքրքիր էր, թե երբ է բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանը, երբ է բացվելու Հայաստան-Ադրբեջան սահմանը, որովհետև բազմաթիվ ծրագրեր կան Եվրոպայում՝ կապված Միջին Ասիայի հետ, կապված Չինաստանի հետ:
Այդ ծրագրերի տրամաբանությունն այն է, որ այդ ամբողջ ապրանքները պիտի գան և միջին միջանցքով գնան: Մի ճանապարհը, եթե Ադրբեջան-Վրաստան-Սև ծովն է, մյուս ճանապարհը (իրենց բառերն եմ փոխանցում), իրենք տեսնում են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Միջերկրական ծով կամ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա:
Այս տեսանկյունից ուզում եմ նշել, որ շատ կարևոր խոսակցություններ ենք ունեցել, տարբեր ծրագրեր ենք քննարկել, ընդհուպ իրենց առաջարկած, օրինակ, կանաչ ջրածնի տեղափոխման հնարավորությունն ենք քննարկել, որովհետև իրենք հիմա շատ մեծ ծրագրեր են իրականացնում այդ կոնտեքստում, և այս ամեն ինչը կապված է «Խաղաղության խաչմերուկի», TRIPP-ի, ճանապարհների ապաշրջափակման հնարավորության հետ, և պետք է նշեմ, որ Արևմուտքը մեզ նման սպասում է այդ ճանապարհների ապաշրջափակմանը»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:






























