Փաշինյանը՝ աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու քաղաքականության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ։ Տեղեկությունը փոխանցում են կառավարությունից։


Նիստի մեկնարկին վարչապետը նշել է, որ արդեն ավանդական է դարձել հանդիպել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին ոլորտում հեղափոխական փոփոխություններ չեն իրականացվել՝ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով։ Փաշինյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե որն է ռազմավարությունը, և պատասխանել է, որ անհրաժեշտ է մշտապես վերադառնալ թեմային ու հետևողական աշխատել։


Վարչապետը նշել է, որ Կառավարությունը լիովին գիտակցում է խնդրի կարևորությունը և այն դիտարկում է նաև Հայաստանի պետական շահերի դիտանկյունից՝ փաստելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց մեջ մեծ ներուժ կա, որը դեռևս բավարար չափով չի ներգրավվել երկրի զարգացման օրակարգում։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը կնպաստի ինչպես պետական շահերի սպասարկմանը, այնպես էլ այդ մարդկանց բարեկեցության բարձրացմանը։ Փաշինյանը հավելել է, որ այս ձևաչափով հանդիպումների քաղաքական ուղերձն այն է, որ պետք է շարունակաբար անդրադառնալ հարցերին, ամփոփել կատարվածը և սահմանել առաջիկա անելիքները։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտի քաղաքական տեսլականը և նախաձեռնությունները։ Նա նշել է, որ Ազգային ժողովը ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, ինչի շնորհիվ անցում է կատարվել բժշկական մոդելից դեպի իրավունքների և ներառման մոդել։ Նոյեմբերի 1-ի տվյալներով՝ նախկին և նոր համակարգերում ներառված է 197 046 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ 9356 երեխա։ Նրանցից 48 211 հոգի, այդ թվում 4600 երեխա, արդեն գնահատվել են ֆունկցիոնալության գնահատման համակարգով։


2025 թվականից տնային խնամք է մատուցվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ամսական 170 երեխայի հաշվարկով։ Ընդհանուր առմամբ, տնային խնամքից օգտվում է 1325 քաղաքացի, որոնցից 624-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։


Վերջին երեք տարիներին աճել է աջակցող միջոցների համար նախատեսված բյուջեն։ 2025-ին ծախսերը հասնում են մոտ 2,5 միլիարդ դրամի, իսկ 2026-ին նախատեսվում է ավելի քան 3 միլիարդ դրամ։ 2025 թվականին տրամադրվել է 33 000 աջակցող միջոց՝ ավելի քան 15 000 քաղաքացու։ Թորոսյանը նշել է, որ դրանք առանձին ծրագրեր չեն, այլ ծառայությունների ամբողջական փոխակերպման ռազմավարության մաս են, որի նպատակն է ծառայությունները հասցնել քաղաքացուն։


Ամփոփելով նիստը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը աշխատաշուկայում և ընդգծել կրթության դերը։ Վարչապետը հանձնարարել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ ոլորտային հարցերի համակարգված ու արդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով, որտեղ կընդգրկվեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ։

Քաղաքականություն

Պատահարներ