Լեհաստանի վարչապետը նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Կարոլ Նավրոցկուն մեղադրել է սաբոտաժի մեջ։ Այս մասին Տուսկը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Նախագահը համառորեն հրաժարվում է ստորագրել հատուկ ծառայությունների կրտսեր ծառայողներին սպայական առաջին կոչումները շնորհելու և հերոսներին մեդալներով պարգևատրելու հրամանագրերը։ Սա պարզապես կառավարության իրավասություններ ուզուրպացնելու փորձ չէ։ Սա սաբոտաժ է՝ ուղղված ազգային անվտանգության դեմ»,- գրել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետն ու նախագահը պարբերաբար նման կոնֆլիկտներ են ունենում, քանի որ ներկայացնում են հակամարտող քաղաքական ուժեր։ Նախագահ Նավրոցկին նշում է, որ վարչապետ Տուսկն իրեն զրկել է հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու և հատկապես կարևոր որոշումների ընդունման ժամանակ ձայնի իրավունքից։ Այս քայլին ի պատասխան՝ նախագահը հրաժարվում է ստորագրել մի շարք օրենքներ, կատարել դեսպանների նշանակումներ։





























