Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա․ քաղաքագետ

Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


«Վերջին արտահոսքերը վկայում են, որ ԱՄՆ-ի «28 կետանոց» խաղաղության նախագիծը Ուկրաինային առաջարկում է ամերիկյան անվտանգության երաշխիքներ, սակայն դրա դիմաց նրանից պահանջում է ծանր և զգայուն զիջումներ։


Հրապարակված տվյալներով ծրագիրը ներառում է․


● Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի դե ֆակտո ռուսական կարգավիճակի ընդունում,


● Խերսոնի և Զապորոժիեի շփման գծի սառեցում և որոշ հատվածների ապառազմականացում,


● Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցությունից և զինուժի կրճատում,


● Արևմուտքի կողմից վերակառուցման լայնածավալ աջակցություն, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվների ներգրավմամբ,


● Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային մեղմացում՝ համաձայնագրի իրականացման փոխկապակցմամբ։


Վաշինգտոնը կառուցում է խաղաղության մի մոդել, որտեղ ամերիկյան անվտանգության ներգրավվածությունը փոխհատուցվում է Ուկրաինայի տարածքային, ռազմական և արտաքին քաղաքական սահմանափակումներով։


Ժնևում ժամեր առաջ ավարտված ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունն ընդգծում է «կառուցողական մթնոլորտը», «զգալի առաջընթացը» և «հաջորդ քայլերի հստակեցումը», սակայն լռում է ծրագրի բովանդակության ամենակարևոր կետերի վերաբերյալ։


Այս հանգամանքը ցույց է տալիս․


ա) ամենազգայուն դրույթները դեռևս չեն համաձայնեցվել,


բ) բանակցությունները տեղափոխվել են գաղտնիության և վերահսկվող տեղեկատվական դաշտ։


Ժնևի հայտարարությունն ավելի շատ արձանագրում է գործընթացը, քան բացահայտում իրական քննարկումները։


Եվրոպական երկրների մեծ մասը նախաձեռնությունը գնահատում է զգուշությամբ, քանի որ այն դիտվում է որպես․


● Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների դե ֆակտո օրինականացում,


● Ուկրաինայի պաշտպանունակության թուլացում,


● միջազգային իրավունքի համար նախադեպ է դարձնում ուժի միջոցով սահմանների փոփոխության լեգիտիմացումը:


● շեշտը դրվում է ԱՄՆ- Ռուսաստան համաձայնությունների վրա՝ ԵՄ-ին ու նրա լիբերալ- գլոբալիստական էլիտաներին թողնելով «խաղից դուրս» վիճակում:


Ուկրաինայում նույնպես իրավիճակը բարդ է:


Ցանկացած տարածքային զիջում կարող է առաջացնել լուրջ ներքաղաքական ճգնաժամ, քանի որ հասարակական տրամադրություններն ակնհայտորեն հակված չեն ընդունելու խաղաղություն՝ տարածքային կորուստների գնով։


Արդյունքում իշխանությունը կանգնած է պատերազմի շարունակման սահմանափակ ռեսուրսների և խաղաղության բարձր գնի միջև։


Ուկրաինան, մեծ հաշվով, այլընտրանք չունի․ մի քանի ամիս անց երկիրը կարող է կանգնել առավել կոշտ լուծման, կապիտուլյացիայի վտանգի առաջ»- գրել է քաղաքագետը։

Քաղաքականություն