Օտարերկրացիների կացության կարգավիճակները կթվայնացվեն․ մանրամասներ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի ամբողջական վարչարարության թվայնացումն է:
Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է ունենալ երկու տեսակի՝ ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ: Առաջարկվող հաջորդ կարգավորումն առնչվում է աշխատանքային միգրացիոն հոսքերի կարգավորմանը. առաջարկվում է ներդնել քվոտային համակարգ: Յուրաքանչյուր տարի Կառավարությունը կսահմանի կացության կարգավիճակի ստացման չափաքանակը՝ ըստ տեսակի և հիմքի: Օրենքի նախագծով վերանայվել են նաև գործող պետական տուրքերի չափերը: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար սահմանել 150 հազար դրամ պետական տուրք՝ գործող 105 հազար դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ 250 հազար դրամ՝ 140 հազար դրամի փոխարեն:
«Գործնականում այս փոփոխություններն էականորեն կդյուրացնեն մեր երկրում օտարերկրացիների հետ իրականացվող վարչարարությունը՝ ամբողջությամբ այն տեղափոխելով թվային տիրույթ: Դա նաև էականորեն կնպաստի վարչական մարմինների կողմից վարչարարության արագ իրականացմանը»,- նշել է Արմեն Ղազարյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանում 2024 թվականին բոլոր տեսակի կացության կարգավիճակ ստացողների թիվը կազմում է 12.491 քաղաքացի: Այստեղ գերակշիռ մաս են կազմում Ռուսաստանի, այնուհետև Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Սիրիայի, Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիներ:
Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախագծին: Օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվել է ներառել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի ու Չինաստանի ազդակաները. համագործակցությո՞ւն, թե ժամանակավոր համաձայնություն
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Թրամփը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել Պեկինի կենտրոնում գտնվող Չժուննանհայ նստավայրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալվեց․ մանրամասներ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի...
Էրդողանը աղբամանն է նետել Թրամփի նամակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեն է նետել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը, գրում է BBC News-ը՝ հղում անելով թո...
Բոլորի մոտ հեռուստաալիքների հերթականությունը նույնը կլինի
Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տեսալսողական մեդիա...