Ռազմավարությամբ խնդիր է դրված՝ ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ․ Փաշինյան

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցաշարին մասնակցել է 128 դպրոցական՝ բաժանված երկու տարիքային խմբերի։ 3-6-րդ դասարաններում ընդգրկված են եղել 2014-2017 թթ. ծնված 8-12 տարեկան աշակերտները, իսկ 7-12-րդ դասարաններում՝ 2008-2013 թթ. ծնված 13-17 տարեկանները։ Եզրափակիչում մրցել են ՀՀ մարզերի և Երևանի հավաքականները, որոնց յուրաքանչյուր թիմ կազմված է եղել 4 տղայից և 4 աղջկանից։ Առաջին և երկրորդ տարիքային խմբերի մրցումները ներառել են համապատասխանաբար 8×50 մետր և 8×100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևեր խառը կազմով։


Մրցումների ավարտին կայացել է պարգևատրման արարողություն։ Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 3-6-րդ դասարանների լավագույն եռյակը կազմել են Երևանի, Շիրակի և Կոտայքի թիմերը, իսկ 7-12-րդ դասարանների խմբում լավագույն երեքն են դարձել Երևանի, Շիրակի և Լոռիի հավաքականները։


Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ստացել են ԿԳՄՍՆ հավաստագրեր, գավաթներ, հուշանվերներ, մեդալներ և դրամական պարգևներ։ 1-ին տեղը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով, 3-րդը՝ 1,5 մլն դրամով։ Դրամական պարգևները հավասարապես բաշխվել են թիմերի անդամների դպրոցներին՝ նախատեսված դպրոցի մարզական պայմանների բարելավման կամ գույքի ձեռքբերման համար։ Մրցանակակիր աշակերտները ևս ստացել են դրամական պարգևներ՝ 1-ին տեղի համար (8 մասնակից)՝ 150,000 դրամ, 2-րդ տեղի համար (8 մասնակից)՝ 100,000 դրամ, 3-րդ տեղի համար (8 մասնակից)՝ 75,000 դրամ։ Պարգևատրվել են նաև թիմերի պատասխանատուները՝ մարզիչներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ համապատասխանաբար 150,000, 100,000 և 75,000 դրամով։


Մրցաշարը կազմակերպվել է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից՝ «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։


Պարգևատրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով հաղթողներին և մաղթելով հաջողություններ։ Նա ընդգծել է մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորությունը և նշել, որ ընդունված է քաղաքական որոշում՝ խոշորացված համայնքներում ունենալ առնվազն 25 մետրանոց լողավազան։


Վարչապետը նշել է, որ «Վարչապետի գավաթը» կարող է լրացուցիչ խթան դառնալ լողով զբաղվող աշակերտների համար՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի բարձր արդյունքներ գրանցելու ճանապարհին։ Անդրադառնալով մինչև 2050 թվականի ռազմավարությանը՝ Փաշինյանը հիշեցրել է, որ դրանով սահմանված է 25 օլիմպիական ոսկե մեդալ ունենալու նպատակն ու հավելել, որ հույս ունի՝ դրանցից առնվազն մեկը կլինի լողից։


Ավարտին վարչապետը շրջել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ներկայացված ապագա ծրագրերին։

Քաղաքականություն