Ուկրաինան կանգնած է շատ դժվար ընտրության առաջ. Զելենսկի
Ռուս–ուկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ ներկայացրած խաղաղության ծրագրի շուրջ ծավալված իրարանցման ֆոնին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է քաղաքացիներին՝ նախազգուշացնելով, որ երկիրը կարող է կանգնել չափազանց դժվար ընտրության դիմաց։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները կարող են կանգնել իրավիճակի առաջ, որտեղ ստիպված կլինեն ընտրել՝ «կորցնել արժանապատվությունը կամ կարևոր գործընկերոջը», ինչպես նաև հաշվի առնել «28 բարդ կետերը կամ չափազանց դժվար ձմեռը»։
Զելենսկին ընդգծել է, որ կանի ամեն ինչ Ուկրաինայի արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու համար։
«Հաջորդ շաբաթը շատ բարդ և իրադարձություններով լի կլինի։ Այս ընթացքում մեծ ճնշումների ենք բախվելու՝ քաղաքական, տեղեկատվական և այլ։ Բայց մենք կհաջողենք»,- ասել է նա։
Վաշինգտոնի կողմից ներկայացված նախագծի մանրամասների համաձայն՝ 28 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան հրաժարվի մի շարք արևելյան շրջաններից՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների դիմաց, կրճատի զինված ուժերի թիվը և մի քանի տարով հետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել փաստաթղթի շուրջ միջազգային գործընկերների հետ։ Սպասվում է, որ առաջիկա օրերին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկեն խաղաղության նախագիծը։ Այդ շփումներից բացի, Ուկրաինայի նախագահը արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ՝ վստահեցնելով, որ շարունակում է ակնկալել եվրոպական աջակցությունը։
Զելենսկին շփվել է նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցություններից հետո նա հայտնել է, որ համաձայնել է «խորհրդատվական մակարդակով աշխատել Ամերիկայի և Եվրոպայի հետ»՝ ամերիկյան ծրագրի մանրամասները հստակեցնելու համար։





























