ԱԲ չիպերը՝ Վաշինգտոնի բանակցային գործիք. Հայաստանն ու Ադրբեջանն անմասն չեն այդ քաղաքականությունից
New York Times-ն անդրադարձել է Դոնալդ Թրամփի նախագահության տարիների դիվանագիտությանը՝ առանձնացնելով նրա և Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի միջև վերջին ամիսների մոտեցումը։
Պարբերականը տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Nvidia-ի չիպերն օգտագործում է որպես գործիք առևտրի և խաղաղության շուրջ բանակցություններում։ Ամերիկացի դիվանագետները և նախագահ Թրամփը, որը որոշ տարածաշրջաններում խաղաղության գործարքների հասնելու նպատակով փորձում է արժանանալ Նոբելյան մրցանակի, արհեստական բանականությունն ու Nvidia-ի տեխնոլոգիաներն օգտագործում են տարբեր բանակցային գործընթացներում։ Հոդվածում նշվում է, որ Nvidia-ն, որը արտադրում է արհեստական բանականության նախագծերի համար անհրաժեշտ հզոր համակարգչային չիպեր, առաջին տեխնոլոգիական ընկերություններից է եղել, որ կատարել է նախագահի առաջ դրված պայմանը՝ իր արտադրանքի մի մասը տեղափոխել ԱՄՆ, իսկ Թրամփը, հետևելով ֆոնդային շուկաներին, լավ գիտի, որ Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը։
Պարբերականը ընդգծում է, որ ընկերության չիպերը նախագահին տրամադրել են ուժեղ բանակցային լծակ մի քանի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ հարաբերություններում, և նույնիսկ դեր են ունեցել տարբեր երկրների միջև խաղաղության միջնորդական գործընթացներում։ Թրամփի վարչակազմին մոտ երկու անձ, անանունությամբ, նշել են, որ ինչպես 1950-ականներին ԱՄՆ-ը խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներ էր առաջարկում որոշ երկրներին, այնպես էլ այժմ քննարկվել է արհեստական բանականության տեխնոլոգիաներ վաճառելու հնարավորությունը հակամարտությունները դադարեցնող պետություններին, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին։
NYT-ը հիշեցրել է նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի մասին՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը տեղի էր ունեցել նույն օրը, երբ Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը։ Նշվում է, որ 2025 թվականի օգոստոսին խաղաղության նախաստորագրումից հետո ԱՄՆ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։
Պարբերականը մեջբերում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքերը, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսվել էր տարիներ առաջ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընկերությունը բարձրացրել են նոր մակարդակի։
«Սա մեր երկարաժամկետ արդիականացման ջանքերի կարևոր մասն է՝ ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության շրջանակի հետ մեկտեղ»,– նշել է ՀՀ ԲՏԱ նախարարի խոսքերը մեջբերել է New York Times-ը։





























