Հպարտ եմ իմ տղաներով, որ թիմային ոգի կա. Եղիշե Մելիքյան
Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Հունգարիայի ընտրանուն։
Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«Սա արդեն որերորդ խաղն է, մեր համար ափսոսալի խաղ է ստացվում, ունեինք հնարավորություն չպարտվելու, ունեինք հնարավորություն հաղթելու, բայց պարտվում ենք։ Ափսոսանքով եմ ասում այս ամենը, բայց հպարտ եմ իմ տղաներով, որ թիմային ոգի կա, սրտանց աշխատում են, միասնություն կա, թիմ կա, այդ ամեն ինչն ուրախացնում է։
Շնորհավորում եմ մրցակցին, հաջողություն եմ մաղթում, չեմ կարող ասել, որ արժանի չէին, արժանի էին… Մենք մեր սխալների մասին կմտածենք, կվերլուծենք, կշարժվենք առաջ։
Ընդմիջմանը լավ աշխատանք տարանք, ավելի շատ՝ հոգեբանորեն։ Մենք հասկանում էինք, թե ինչ էր ուզում թիմն առաջին խաղակեսում. մեզ սադրում էին, որ դուրս գայինք, բլոկը ջարդեին, որ կարողանային զոնաներն օգտագործել։ Մի քիչ փոխեցինք պրեսինգի մոդելը, և ամենակարևորը՝ հոգեբանական աշխատանք տարվեց։ Ինչպես միշտ՝ մի քիչ էմոցիաներ, մի քիչ սեղան, մի քիչ աթոռ, մի քիչ ջուր… Այն, ինչն աշխատում է, դա էլ արեցի, երկրորդ խաղակեսը փոխվեց։
Ես կասեի, որ մի քանի քայլ առաջ ենք կատարել, որովհետև չեմ ուզում հետ նայել մինչև իմ գալը և ասել, թե ինչ վիճակում էր թիմը, բայց կարող եմ ասել, որ իմ ժամանակաշրջանում մենք ունենք լավ կոլեկտիվ, միասնություն, թիմային ոգի, պայքար մինչև վերջ, խաղային ծրագիր և գիտենք, թե ինչ ենք ուզում։ Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ կստացվի, դա նորմալ է, քանի որ մեր մրցակիցները ուժեղ թիմեր են։
Սա շատ կարևոր է մեր ապագայի համար, որ թիմը հասկանա՝ ինչպես պետք է աշխատի, ինչպես ապրեն իրար հետ, ինչպես խաղան։ Շատ հարցեր են լուծվել, ամենակարևորը՝ այս խաղը ցույց տվեց, որ թիմում կա մրցակցություն, և ոչ մի ֆուտբոլիստ չպետք է իմանա, որ ինքը մյուսից ավելի լավն է կամ փոխարինելի չէ։ Եթե ոչ այս խաղով, ապա ես կհասնեմ դրան։ Այս խաղը ցույց տվեց, որ այդ հարցով շատ բան լուծվեց։
Մեր տեղացի տղաները, համոզված եմ, կոգևորվեն, վստահություն կգա, ինչը մեզ շատ է պետք։ Երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Շատ բաներ կարող եմ ասել, բայց միայն վատը կարող եմ ընդգծել՝ իրոք նորմալ չեմ համարում, որ միավորներ չենք վաստակում։ Դրա համար ներողություն եմ խնդրում և շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որ մեզ հետ են, մոտենում են, հասկանում են մեզ, գնահատում են մեր այսօրվա ռեսուրսը և ադեկվատ ռեակցիա են տալիս։ Ամեն դեպքում՝ եթե արդյունք չկա, երկրպագուն միշտ ճիշտ է։ Այս անգամ իմ բախտը բերել է, որ երկրպագուները հասկանում ու համբերում են, դրա համար շնորհակալ եմ, դա ինձ մոտիվացնում է։
Նայենք մեր ռեսուրսներին և հասկանանք, թե ինչ թիմի դեմ ենք խաղում։ Մենք առայժմ չենք կարող 90 րոպե ստաբիլություն պահպանել կամ առավելություն ունենալ՝ դրա հնարավորությունը չունենք։ Ունենք խաղի ծրագիր, ընթացքում օնլայն աշխատանք մարզչական շտաբի հետ և մոտիվացիա ֆուտբոլիստների համար։ Ինչ-որ տեղ դա ստացվում է։
Այո, մրցակիցը վերահսկում էր գնդակը, բայց դա մեր ծրագիրն էր։ Մենք չենք կարող «Լիվերպուլի» տղաների դեմ շատ բարձր պրեսինգ կիրառել կամ նման ճնշում գործադրել այդպիսի հավաքականների վրա՝ առայժմ պատրաստ չենք։ Առաջին խաղակեսում ունեցել ենք լավ պաշտպանություն, բայց երբ վերցնում էինք գնդակը և ուզում արագ հակագրոհ անել, այնտեղ խնդիրներ առաջացան։ Ընդմիջմանը ջղայնացա և ասացի՝ մեր առաջին գծի խաղացողները շատ հեշտ էին կորցնում գնդակը, ինչի հետևանքով մեծ ճնշում ընկավ պաշտպանության վրա։ Պետք է առաջին գծում պահեին գնդակը, որ պաշտպանությունը շունչ քաշեր, բայց կային որակի և հոգեբանական խնդիրներ։ Որոշ ֆուտբոլիստների ասացի՝ 10 րոպե ժամանակ ունեք, խաղացեք այլ ֆուտբոլ, թե չէ այլևս մեկնարկային կազմում չեք լինի։





























