Պատերազմի վրա հույս դրածների «հացի վրա այլևս կարագ չի քսվի»․ Թուրք պատգամավորը՝ Հայաստան այցից հետո
Երևանում նոյեմբերի 4–5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին մասնակցած Թուրքիայի Էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների հետազոտական կենտրոնի («TESPAM») նախագահ Օղուզհան Աքյեներն հարցազրույց է տվել «Ermeni Haber»-ին՝ ներկայացնելով Հայաստան այցելության իր տպավորությունները և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ դիտարկումները։
Աքյեների խոսքով՝ այցից առաջ ստացել էր բացասական կարծիքներ, սակայն Երևանում համոզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«Տեսա, որ Հայաստանը՝ իր մարդկանցով, փողոցներով, երաժշտությամբ ու մշակութային միջավայրով, շատ ընդհանրություններ ունի Թուրքիայի հետ։ Ինձ օտար քաղաքում չէի զգում»,– նշել է նա։
Ֆորումը, ըստ Աքյեների, ձևավորել է արդյունավետ քաղաքացիական դիվանագիտության միջավայր՝ միավորելով տարբեր երկրների մասնակիցների։
Անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերություններին՝ Աքյեներն ասել է, որ երկու երկրների սահմանը վաղ թե ուշ կբացվի։ Նրա կարծիքով՝ գործընթացը հեշտ չի լինի, սակայն առաջին անգամ է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները կարողացել են համագործակցության նույն հարթությունում հանդես գալ։
«Քանի դեռ Թուրքիայում նախագահը Էրդողանն է, Ադրբեջանում՝ Ալիևը, իսկ Հայաստանում՝ Փաշինյանը, պատերազմի վրա հույս դրած ուժերի «հացի վրա այլևս կարագ չի քսվի։ Դրան կհաջորդի սահմանային անցակետերի փուլային բացումը»,– ընդգծել է նա։
Էներգետիկ ոլորտի վերաբերյալ Աքյեներն նշել է, որ սահմանների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումը կնպաստի ներդրումների ավելացմանը, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնմանը և էներգետիկ նախագծերի զարգացմանը։
«Խաղաղության միջանցքով» հնարավոր է կազմակերպել նավթի, գազի և հազվագյուտ տարրերի փոխադրումը, ինչը կփոխի տարածաշրջանի գեոպոլիտիկ հավասարակշռությունը և կծառայի փոխադարձ շահերին»,– հավելել է նա։





























