ԵՄ-ն մտադիր է թուլացնել տվյալների պաշտպանության կանոնակարգը՝ արհեստական բանականության զարգացման համար
Եվրամիության պաշտոնյաները քննարկում են Համայնքի Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) պարզեցնելու հնարավորությունը՝ Արհեստական բանականության զարգացումն արագացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում կատարելով օրինագծին։
Նրա տվյալներով՝ նախատեսվում են մեղմացումներ իրականացնել ԱԲ ոլորտում աշխատող ընկերությունների համար։ Այս մեղմացումները թույլ կտան նրանց օրինականորեն մշակել տվյալների հատուկ կատեգորիաներ, ինչպիսիք են մարդու կրոնական և քաղաքական համոզմունքները, նրա էթնիկ պատկանելությունը կամ առողջական վիճակի մասին տվյալները։ Այս փոփոխությունները հնարավորություն կտան ընկերություններին ավելի արդյունավետորեն մարզել ԱԲ-ն։
Բացի այդ, Եվրահանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է վերանայել տվյալների այն հատուկ կատեգորիաների սահմանումը, որոնք ենթակա են լրացուցիչ պաշտպանության (գաղտնիության կանոններին համապատասխան կերպով)։ Նաև նախատեսում է մտցնել փոփոխություններ, որոնք վերաբերում են «անձնական տվյալներ» հասկացությանը, քանի որ կեղծանուններով տվյալները (անձնական տվյալները պաշտպանելու միջոց, երբ իրական նույնականացուցիչները փոխարինվում են արհեստականներով) միշտ չէ, որ ընկնում են GDPR-ի պաշտպանության տակ։ Նշվում է, որ քուքի ֆայլերի օգտագործման կանոնները կարող են պարզեցվել, ինչը թույլ կտա կայքերին ավելի շատ տեղեկատվություն հավաքել օգտատերերի մասին։
Politico-ի տվյալներով՝ Էստոնիան, Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան դեմ են արտահայտվել GDPR փոփոխությանը։ Սակայն Գերմանիան կողմ է վերանայմանը։ Եվրահանձնաժողովը, ինչպես սպասվում է, փաստաթուղթը կներկայացնի նոյեմբերի 19-ին, սակայն մինչ այդ կարող են փոփոխություններ կատարվել։





























