Հասարակություն

Գյումրիում նախատեսվում է 16,5 մլն դոլարի նոր ներդրում․ կվերանորոգվեն զբոսայգին, շուկան և շատրվանը

Գյումրիում նախատեսվում է 16,5 մլն դոլարի նոր ներդրում․ կվերանորոգվեն զբոսայգին, շուկան և շատրվանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Գյումրիի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում են նոր ներդրումներ, ենթակառուցվածքների բարելավում և քաղաքի առաջնահերթ խնդիրների լուծում։



Քննարկման ընթացքում նշվել է, որ զբոսաշրջային կլաստերի ձևավորման նպատակով արդեն իրականացվել է շուրջ 6,6 մլրդ դրամի ներդրում։ Բացի այդ, «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է իրականացնել ևս 16,5 մլն դոլարի ներդրում։



Նախատեսվում է ծրագրում ներառել նաև Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգումը:



Քննարկվել է նաև Գյումրիում դեռևս առկա տնակների խնդիրը։ Ներկայացվել է, որ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքում կա 2465 տնակ, իսկ դրանցում բնակվող շուրջ 596 ընտանիքի նկատմամբ պետությունն ունի փոխհատուցման պարտավորություն։ Կարևորվել է այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կապահովեն և՛ փոխհատուցումը, և՛ տնակների ապամոնտաժումը։



Անդրադարձ է կատարվել նաև Անի և Ավստրիական թաղամասերի 37 փողոցների հիմնանորոգման ծրագրին։ Այժմ իրականացվում են նախագծային աշխատանքներ, իսկ հետագայում նախատեսվում է բարեկարգել նաև բակերը, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և նոր լուսավորության ցանց։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ Գյումրին ներառված է 500 կմ ճանապարհաշինության պետական ծրագրում։ Նախատեսվում է տարեկան հիմնանորոգել շուրջ 25 կմ ճանապարհ։ Նշվել է, որ քաղաքի շուրջ 180 կմ ճանապարհներից մոտ 70 կմ-ն արդեն վերանորոգվել է, իսկ մնացած 110 կմ-ը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։



Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի վթարային շենքերի, Ալեք Մանուկյան փողոցի կամրջի վերանորոգման և նոր ավտոկայանի կառուցման հարցերը։



Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն սահմանված կարգով, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ հրատապ լուծում պահանջող խնդիրների վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250