
Գիշերվանից ինձ զանգում են, ասում են՝ գնանք էնտեղ՝ ջահելների մոտ, կանգնենք կողքներին, բայց ես ասել եմ, որ դրա կարիքը չկա. Աղազարյան. ArmDaily

Լարված վիճակ է, այս պահին համեմատաբար հանգիստ է, ամեն ինչ պայմանավորված է ընդհանուր լարվածությամբ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության Արարատի մարզից ընտրված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Մեր թշնամիները, փաստորեն, առիթը բաց չեն թողնում այս կամ այնտեղ, այսպես կոչված, օջախներ ստեղծելու համար, բայց պետք է ասեմ, որ ի պատիվ մեր տղաների՝ ամեն ինչ վերահսկողության տակ է»,- ասաց պատգամավորը։
Այսօր հայտնի էր դարձել, որ երեկ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
Աղազարյանը հայտնեց, որ դեպքերից հետո եղել է Երասխում, իսկ ինչ վերաբերում է համայնքապետի վիրավորման՝ նա պաշտպանական ամրությունների հրդեհը մարել փորձելիս է ստացել վիրավորումը։
«Դա ուղղակի, երբ որ սահմանամերձ գոտիներում դրված պաշտպանիչ ավտոդողերը, որ կան, այրվելիս են եղել։ Ինքը մոտիկացել է, որպեսզի այդ հրդեհը հանգցնեն, այդ ժամանակ է վիրավորում ստացել։ Դրանք ավտոդողեր են, որոնք տեղակայված են մեր դիրքերում թշնամու գնդակից պաշտպանվելու համար, հրդեհավտանգ են դրանք, բայց իրենից սարսափելի ոչ մի բան չի ներկայացնում, ոչ մի ուրիշ լուրջ վնասներ չեն եղել, ոչ բնակավայրին մոտ է, ոչ էլ»,- ասաց Աղազարյանը՝ տեղեկացնելով, որ համայնքապետից բացի այս պահին այլ վիրավորներ չկան։
Պատգամավորը մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սուրենավանի կամավորական ջոկատի հրամանատար: Մեր այն հարցին արդյոք հանդիպել է զինվորների հետ իր կենսափորձով կիսվելու համար՝ Աղազարյանը արձագանքեց. «Մեր զինվորները շատ լավ պատրաստված են։ Այն ժամանակ մենք էինք, որ պատրաստված չէինք, ամեն ինչը ինքնաբուխ էր։ Բայց հիմա բանակային ստրուկտուրայում է ամեն ինչը։ Ես շատ ընկերներն ունեմ, որ գիշերվանից ինձ զանգում են՝ իմ տարիքին, ինձանից մի քիչ երիտասարդ, որ պարոն Աղազարյան, չի լինի սենց, գնանք էնտեղ՝ ջահելների մոտ, կանգնենք կողքներին, բայց ես ասել եմ, որ դրա կարիքը չկա։ Զինվորական ստորաբաժանումները ամենայն պատասխանատվությամբ կատարում են իրենց առջև դրված պարտականությունը, և հետևաբար պետք չի, որ մենք էդ ձևի ընթացք տանք։ Աստված չանի, եթե դրա պահը գա, մեր տղաները պատարստ են հիմա կանգնեն մեր զինվորի կողքին»։