Էրդողան-Թրամփ հանդիպմանը կքննարկվի «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ պատասխանելով APA-ի թուրքական բյուրոյի հարցերին։
Յըլմազի խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն ոչ միայն երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
«Հարավային Կովկասը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մեծ մասը հաղթահարված է, և մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ օրակարգի առանցքային թեմաներից մեկը լինելու է նաև, ինչպես ինքն է ձևակերպել, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։
Յըլմազի գնահատմամբ՝ այդ երթուղու գործարկումը կուժեղացնի Թուրքիայի կապերը Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես նաև կնպաստի Միջին միջանցքի զարգացմանը։
«Մենք ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային ուղին էլ ավելի ամրապնդվի»,- ասել է նա։
Թուրքիայի փոխնախագահը նաև նշել է, որ Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, թե՛ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։