ԿԿՀ-ն որոշում է կայացրել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի գործով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննություն է սկսել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի հնարավոր շահերի բախման դեպքի առիթով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել վարույթ հարուցել Աղաբաբյանի վերաբերյալ։


«Հետքի» հրապարակման համաձայն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանին Աղաբաբյանի առաջարկով թույլատրել էր համայնքային գույքը չորս տարով վարձակալության տալ համայնքապետի օգնականի ընկերությանը, որի հետ Աղաբաբյանը պայմանագիր էր կնքել։ Նշվում է, որ համայնքապետի զավակները գրանցված են նույն հասցեում, ինչ օգնականը։ Հետագայում, երբ ընկերության տնօրեն է դարձել Աղաբաբյանի որդին, վարձակալության ժամկետը երկարացվել է մինչև 25 տարի։


Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ Աղաբաբյանի 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ է տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին՝ Նոյեմբերյանում «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպման կազմակերպչական ծախսերը հոգալու նպատակով։ Ըստ որոշման՝ հանդիպումը կայացել է նույն տարվա փետրվարի 21-ին։


Աղաբաբյանը պարզաբանել է, որ գումարը փոխանցվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպման համար, սակայն փաստաթղթային սխալի պատճառով որոշման մեջ նշվել է «Ապրելու երկիր» կուսակցություն։ Նա հիշեցրել է, որ ինքն ընտրվել է այդ կուսակցության համամասնական ցուցակով։


Հանձնաժողովը հաշվի է առել այս բացատրությունը և եզրակացրել, որ Աղաբաբյանի գործողություններում շահերի բախման դեպք չի արձանագրվել։

Քաղաքականություն