
Հայտնի է` երբ դպրոցներում կանցկացվի վերջին դասը

Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35,300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19,900 շրջանավարտ:
Տեղեկությունը հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Նա տեղեկացրել է, որ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
«Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: Դպրոցներում բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի սովորողների, ծնողների և ուսուցիչների համար լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջանա»,–ասել է նա:
Անդրադառնալով ավարտական և միասնական քննություններին` փոխնախարարը նշել է, որ միասնական քննությունների ժամանակացույցն արդեն իսկ հրապարակված է ԿԳՄՍ կայքում, և դրան համապատասխան բոլոր աշխատանքները կկազմակերպվեն:
«2023-2024 ուստարում 1-ին դասարան են հաճախելու շուրջ 39,500 սովորող: Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար»,- ասել է Արաքսիա Սվաջյան:
Փոխնախարարն ընդգծել է, որ 2023-2024 ուստարում ՀՀ-ում կներդրվի հանրակրթության պետական նոր չափորոշիչը ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: