«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում

ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գողերի» սանձմանը ուղղված նոր օրինագիծն է: Համապատասխան նախագիծը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։

 

Մասնավորապես, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսպես կոչված «զոն նայողը» սկսել է գոռգոռալ, դռներին հարվածել: Զոն նայողը՝ Կիրակոսյան Նվերը, ասել է, որ ինքն այլևս չկա, օրենքն ընդունել են, ամեն մեկն իր գլխի տերն է, ինչից հետո սկսվել են անկարգությունները: Հենց այս պահին էլ ներսում լարված իրավիճակ է, անկարգությունները շարունակվում են՝ օրենքը չընդունելու պահանջով: Այս պահին ՔԿ հիմնարկում հատուկ գործողություններ է իրականացնում վարչության «սպեցնազը»:

Նշենք նաև, որ անկարգությունները տարածվում են նաև այլ ՔԿՀ-ներով: Մասնավորապես նույն իրավիճակն է այս պահին դիտարկվում նաև Հրազդանի ՔԿՀ-ում: Ռիսկ կա այս հուզումերի տարածման ամբողջ համակարգով: Նշենք, որ ամենամեծ վտանգը պետք է սպասել Արմավիրից, քանի որ այնտեղ ներկա պահին ամենաշատ «օրենքով գողերն» են և դատապարտյալների թվակզմով այս հիմնարկն ամենամեծն է: Առայժմ տեղեկություններ չկան արդյոք այս հուզումները հախուռն են, թե՞ կազմակերպված են ինչ-որ կենտրոնից, մասնավորապես ՔԿ համակարգից դուրս...