Արցախից տեղահանված անձինք ինչպես կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով, ծառայության գլխամասային գրասենյակում։


Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար


ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․


դիմում-հարցաթերթ,


«070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,


35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),


ծննդյան վկայականը և դրա պատճենը,


ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),


անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),


պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։


Մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով (5 աշխատանքային օր)։


Նշենք,որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

Քաղաքականություն

Պատահարներ