ՌԴ-ն հասկանում է, որ բաց սահմանները նաև իր համար են օգտակար․ Խանդանյան

Ռուսաստանը փորձում է ինչ-որ երկխոսություն ունենալ Միացյալ Նահանգների հետ, այս մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ՌԴ-ն կոշտ էր ԵՄ դիտորդների, բայց համագործակցային՝ TRIPP-ի հարցում։


«Կարծում եմ՝ գործոններից է, որ մեկը Եվրամիությունն էր, մյուսը՝ Միացյալ Նահանգները։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ երկխոսություն ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Սա ապացուցում է մեր այն փաստարկը, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց հռչակագիրը, մեր ընդդիմությունը և նաև այդ ժամանակ ռուսական հեռուստաալիքների հայտնի դեմքերը քննադատաբար էին մոտենում սրան և ասում էին, որ հիմա Ռուսաստանից և Իրանից կլինեն խիստ արձագանքներ։ Մենք բացատրում էինք, որ ընդհակառակը, սա օգտակար է նաև Ռուսաստանի համար»,- ասել է Խանդանյանը։


Անդրադառնալով Ռուսաստանի մասնակցությանը TRIPP-ին, Խանդանյանը ասաց, որ որևէ երրորդ կողմի մասնակցությունը պետք է ունենա հայկական և ամերիկյան կողմերի համաձայնությունը։


«Այստեղ բանակցությունների միջոցով են այդ հարցերը որոշվում։ Եթե նման հայտ ներկայացնի Ռուսաստանը կամ ռուսական որևէ ընկերություն, դա կդրվի բանակցությունների սեղանին և որոշում կկայացվի»,- ասել է Խանդանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ