Թրամփի համակիր Թեննին կոչ է արել ազատել հայ պատանդներին Բաքվից
Ավետարանական եկեղեցու անդամ, քրիստոնեական քարոզիչ և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին իր «Ֆեյսբուքի» էջում կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը պահանջել Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։
«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Եթե Հայաստանում և Ադրբեջանում իսկապես խաղաղ ժամանակ է, ապա ազատեք նրանց, այլապես ինչ արդարացումներ կունենաք»,- գրել է Թեննին։
Նա հրապարակել է նաև լուսանկարներ, որտեղ երևում են Բաքվի բանտերում պահվող նույնականացված անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները։
Ջոել Թեննին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ․ նրան ժամանակին նույնիսկ առաջարկվել է դեսպանի պաշտոնը Հայաստանում, սակայն նա հրաժարվել է։ Քարոզիչը սերտ կապեր ունի ամերիկյան պետքարտուղարության մի շարք ներկայացուցիչների հետ և ակտիվորեն աջակցել է Թրամփի նախընտրական քարոզարշավին իր հայրենի Այովա նահանգում։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Բաքվում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Նրանցից առանձին է քննվում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը։





























