Հայաստանը 2030-ի էներգետիկ նպատակին հասել է 4 տարով շուտ. Խուդաթյան

Հայաստանը 2030-ին սահմանված ռազմավարական նպատակին՝ ունենալ 1000 ՄՎտ արևային էներգիայի արտադրական հզորություն, հասել է նախատեսված ժամկետից 4 տարով շուտ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


Նախարարը նշել է, որ այս պահին Հայաստանում տեղադրված են ավելի քան 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ինչը վկայում է ծրագրի արդյունավետ իրագործման մասին։ Նա ընդգծել է, որ սուբսիդավորման ծրագրի դադարեցումը պայմանական է, քանի որ 2026-ի բյուջեում շարունակվելու է տոկոսների սուբսիդավորումը։


«Մենք քննարկում ենք սուբսիդավորման ծրագրի շարունակությունը՝ կենտրոնանալով կուտակիչ կայանների տեղադրման վրա։ Կարող ենք առանձին սուբսիդավորել նաև արդեն գործող կայաններում մարտկոցների տեղադրումը, քանի որ 1000 ՄՎտ հզորությամբ կայաններ ունենալը որոշ բարդություններ է առաջացնում էներգահամակարգում»,-ասել է Խուդաթյանը։


Նրա խոսքով՝ արևային կայանների արտադրողականությունը կախված է օրվա ժամերից և սեզոնայնությունից, ինչը երբեմն անկայունություն է առաջացնում համակարգում, սակայն Հայաստանի էներգետիկ բլոկը շարունակում է ապահովել կայուն գործունեություն։


«Վարչապետի հանձնարարականով՝ չենք խոչընդոտում ոլորտի զարգացումը, և այժմ դիտարկում ենք սուբսիդավորման ծրագրի նոր մեկնարկը՝ կամ զուգահեռ կուտակիչ կայանների հետ, կամ միայն դրանց համար»,– հավելել է նախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ