Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք. Մասիսի քաղաքապետ

Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ: Այս մասին գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: 


«Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար»,- գրել է նա:


Հիշեցնենք` երեկ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք: 


«Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ։


7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։ Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ»,- գրառման մեջ նշել է Համբարձումյանը: 

Քաղաքականություն