Սկանդալ՝ Էրդողանի ելույթի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Լիբանանի և Իսրայելի միջև կնքված զինադադարի համաձայնագիրը մշտական կլինի: Արագ հրադադար անհրաժեշտ է ապահովել նաև Գազայի հատվածում: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում TRT-World մեդիաֆորումի ժամանակ:


«Մենք ցանկանում ենք, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարը մշտական լինի։ Արագ հրադադար պետք է ապահովել նաև Գազայում, քանի դեռ այնտեղ ավելի շատ որբեր չկան», - ասել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան ի սկզբանե հանդես է գալիս պաղեստինա-իսրայելական հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին։


«Մենք պատրաստ ենք լիակատար աջակցություն ցուցաբերել, որպեսզի կանգնեցնենք Գազայի ցեղասպանությունը եւ ճանապարհ հարթենք դեպի մշտական խաղաղություն», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:


Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում ներկաներից մեկը բարձրաձայն բղավել է, որ Իսրայելը շարունակում է առեւտուրը Թուրքիայի հետ՝ օգտագործելով դրա նավահանգիստները։


«Այստեղ սիոնիստների լեզվով մի խոսիր», - ամբիոնից նրան պատասխանել է Թուրքիայի նախագահը: Էրդողանի թիկնազորը տղամարդուն օպերատիվորեն դուրս է բերել դահլիճից։


2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելի և Լիբանանի միջև առաջին հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ի առավոտյան: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրեական պետության և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» խմբավորման միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են լիբանանյան բանակի և պետական անվտանգության ուժերի կողմից հանրապետության տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնում 60 օրվա ընթացքում: Դրանից հետո իսրայելական բանակը աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանից։

Քաղաքականություն