
Եթե եպիսկոպոսներն ու մնացած հոգևորականները բանտարկված են, դուք ազատ խոսքի ջատագովը չեք. Վարդան Ղուկասյան

Քնարիկ Հարությունյանի ելույթի 90% Նիկոլ Փաշինյանին և ԱԺ–ում ՔՊ-ի պատգամավորներին ավելի շատ է վերաբերվում, քան Գյումրու քաղաքապետին կամ ավագանու անդամներին, որովհետև եթե վարչապետը ասում է քեռակնոջը դոմփել, էն մյուսն ասում է՝ ականջդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, շատ շնորհակալություն որ դուք իրենց զգաստացնում եք, ովքեր ինչքան որ մեղքի բաժին ունեն թող իրենց գա վերցնեն։ Այս մասին Գյումրու ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանի ելույթին։
«Երկրորդը, ոնց ես հասկացա, շանտաժի լեզվով եք խոսում, ասում եք՝ եթե դուք քվեարկեք, հետագայում մեզանից չնեղանաք։ Այսինքն մարդիկ կան, որ գործեր են հարուցված, զգաստացնում եք, և զգուշացնում, թե հետո էլ ում եք նախապատրաստում»,–ասել է նա։
Խոսելով հոգեւորականների ձերբակալությունների ու կալանավորումների մասին, քաղաքապետ Ղուկասյանը նշել է. «Եթե եպիսկոպոսներն ու մնացած հոգևորականները բանտարկված են, դուք ազատ խոսքի ջատագովը չեք, դուք չեք կարող դրանից խոսել, ուղղակի շինծու է այդ ամեն ինչը։
Ես Խորհրդային Միության ժամանակահատվածում եմ ապրել և այդպիսի բան չեմ տեսել, եթե միայն ոչ 37 թվականին, որ մեծերն ասում էին։ Հիմա նույնը կատարվում է այսօր։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ամեն տարի ձեր ժամանակ դոտացիան ավելացվել է, դուք էլ անեիք։ 37 տարի անցել է, Հայաստանի ոչ մի քաղաքում 30% աշխատավարձ չի բարձրացվել։ Հա, թոշակները 536 դրամ ավելացրել եք։ Դուք ցանկություն էլ չունեիք ավելացնելու, իսկ մենք հաջորդ տարի 25 տոկոսով էլ ենք ավելացնելու աշխատավարձը, գումարների տեղը գիտեմ։
Դուք ավարտական ակտերը չէիք տալիս մարդկանց, դատի են տվել, որ 50 միլիոն քաղաքապետարանից գանձեն։ Բացի այդ, մարդկանց անհիմն ազատել եք աշխատանքից, մեկը 7 միլիոն է հիմա ուզում, մեկի կրպակներն են տարել 25 միլիոնի։ Այն քաղաքապետի ժամանակ, որ էդ անօրինականությունը եղել է, հիմա էդ քաղաքապետներին պետք է մենք դատի տանք, որ էդ գումարները իրենցից գանձեն, ոչ թե քաղաքային բյուջեից։
Բացի այդ ամեն ինչից, ընտրությունների ժամանակ շիբինի համար մարդկանց դատի եք տվել, բայց դուք այնքան շիբին եք օգտագործել, որ քաղաքի կեսը 15 սմ բարձրությամբ կկարողանայիք շիբինապատել»,–հայտնել է Գյումրու քաղաքապետը։