ՀՀ ԱԳՆ-ն և Անիի համայնքապետարանն արձագանքել են Սոֆիայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին

Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպը դիվանագիտական սկանդալ չէ։ Sputnik-ին հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը


«Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ, օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր»,– ասել է Բադալյանը։


Նա հավելել է, որ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և, տեղեկանալով միջադեպի մասին, քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար:


Միջադեպի հետ կապված պարզաբանում է հրապարակել նաև Անիի համայնքապետարանը` իր հերթին ևս վստահեցնելով, որ տեղի ունեցածը դիվանագիտական սկանդալ չէ, այլ թյուրիմացություն։


«Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն»,– ասված է հաղորդագրության մեջ։


Համայնքապետարանից հայտնել են նաև, որ կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը, և դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական։


Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների, նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։

Քաղաքականություն

Պատահարներ