Բուժքույրերն ու բուժեղբայրները թիրախավորման կամ նսեմացման արժանի չեն. Թորոսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուն և նրա մասնագիտության շուրջ շարունակվող քննարկումներին:
Հունանյանը, հիշեցնենք, մասնագիտությամբ բուժքույր է և չնայած քննադատություններին՝ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
«Խոսքս հատկապես ուղղում եմ իմ բժիշկ գործընկերներին, որոնք վրդովվել են ԱԺ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունից՝ թիրախավորելով մի մասնագիտություն և այդ մասնագիտությունը կրողներին, որոնք իրենց հետ, զօրուգիշեր անխոնջ աշխատելով, հազարավոր կյանքեր են փրկում։
Հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ, որ բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի ու շնորհակալության՝ իրենց կատարած ծանրագույն աշխատանքի համար։ Եվ ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին, հատկապես՝ բժիշկների նման առաքինի մասնագիտության տեր մարդկանց, նսեմացնել որևէ այլ մասնագիտություն, քանի որ բոլոր մասնագիտություններն են գնահատանքի արժանի։ Չաշխատելն է ամոթը, ոչ թե բուժքույր կամ որևէ այլ մասնագիտությամբ աշխատելը, և այս էլիտիստական մոտեցումները անընդունելի են։
Հիմա անդրադառնամ ԱԺ հանձնաժողովի նախագահին ներկայացվող պահանջներին։ Ինձ համար հետաքրքիր, կամ ավելի շուտ՝ տարօրինակ են հնչում այն պահանջները, թե այս կամ այն պաշտոնը պետք է զբաղեցնի այս կամ այն չափանիշներով անձը։ Արդյո՞ք երկակի ստանդարտներով չեք առաջնորդվում, հարգելի՛ գործընկերներ։ Արդյոք կարդացե՞լ եք ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են պատգամավոր դառնալու պահանջները, և արդյո՞ք բոլոր պաշտոնյաների նկատմամբ եք այդքան «խստապահանջ», կամ արդյոք ինքներդ մտածե՞լ եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, որպեսզի հենց դուք լինեք հանձնաժողովի հաջորդ նախագահը կամ նախարարը, քանի որ դրանք ՔԱՂԱՔԱԿԱՆ պաշտոններ են, ոչ թե մասնագիտական։ Պատասխանը ինքներդ կարող եք տալ։
Ինչ վերաբերում է Հռիփսիմե Հունանյանին, ես նրան ճանաչում եմ վաղուց որպես գրագետ, բանիմաց և սրտացավ մասնագետ ու քաղաքացի։ Բայց ես նրան ամբողջությամբ «բացահայտել» եմ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ նա, լինելով մեր երկրի ամենամեծ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, բժիշկների հետ ուս ուսի տված, հազարավոր կյանքեր է փրկել՝ առանց շաբաթներով տուն գնալու և իր ընտանիքին տեսնելու, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրան։
Բարի ծառայություն, տիկի՛ն Հունանյան»,- գրել է Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտի 1-ի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան
Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրյալներ են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ուղարկվել է դատարան, այդ մասին...
Պուտինը` Ուկրաինայի հակամարտության կարգավորման գլխավոր խնդրի մասին
Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել: Այս մասին Բելառուսի նախագահի...
Պատասխանատու պահ էր. Զոհրաբ Մնացականյանը՝ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրի մասին
Իրապես շատ պատասխանատու պահ է, ինչպես տեսաք այս ամենը բխում է մեր պայմանավորվածություններից, այս ամենը բխում է մեր քաղաք...
Մեր ժողովուրդն ապրում է անկառավարելի, անորոշ ու անհաշվարկ իրավիճակում. Սենոր Հասրաթյան
Քաղաքականության մեջ լինում են գործիչներ, որոնք իրենց քայլերն անում են ՝ հասկանալով դրանց հետեւանքները: Այս մասին Faceboo...