
ՀԷՑ-ի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին՝ երեկոյան 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է՝ հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի հոսանքազրկման:
«Անձրևաջրերի ներթափանցման պատճառ են հանդիսացել շուրջ մեկուկես ամիս առաջ մեկնարկած և դեռևս ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգման աշխատանքները, որ իրականացվում էին կապալառու ընկերություններից մեկի կողմից:
Վերը նշված աշխատանքների ժամկետների ձգձգման մասին ՀԷՑ ՓԲԸ Խումբ ենթակայանների սպասարկման խմբի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է ՀԷՑ ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ին, որ ցուցաբերելով անգործություն՝ ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ նաև պատշաճ չի տեղեկացրել անմիջական ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թ.Վ.-ի կողմից ցուցաբերած անգործության և իր լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների թերի կազմակերպման հետևանքով ՀԷՑ ՓԲ Ընկերությունը պատշաճ չի իրականացրել կոնկրետ տարածքում և կոնկրետ ժամերին անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու իր գործառույթը, որն էլ հանգեցրել է խոշոր վթարային իրավիճակի և պատճառել անհարմարություն շուրջ 20,000 բաժանորդների համար, ՀԷՑ ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ՝ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից:
Ինչպես նաև պաշտոնական գրություն է հասցեագրվել Կապալառու ընկերությանը՝ ստանձնած պայմանգրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված գույքային վնասի, ինչպես նաև հոսանքազրկման ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախապահանջը ստանալուց հետո սեղմ ժամկետներում Կապալառու ընկերությունը պարտավորվում է վերականգնել «ՀԷՑ» ՓԲ Ընկերությանը պատճառված վնասը՝ ենթակայանը բերելով պատշաճ շահագործման վիճակի:
Վթարային իրավիճակի հետագա զարգացումը կանխվել է կենտրոնական կարգավարական ծառայության, ՀԷՑ ՓԲԸ խումբ ենթակայանների աշխատակիցների և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության անմիջական միջամտությամբ:
Անջատումը տևել է ընդհանուր 1 ժամ 45 րոպե, որից հետո էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում»,- ասված է հաղորդագրությունում: