Պուտին-Փաշինյան հանդիպման չեղարկումը կապվում է Ռոբերտ Քոչարյանի՞ հետ. պարզաբանում Մանե Գևորգյանից
Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Նշվում էր, որ այցը նախատեսված էր ապրիլին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։
Այցի չեղարկումը կապվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նշվում էր, որ դրանով «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ բացասական է գնահատում այն, որ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ է հարուցված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ և ՀՀ իշխանություններն անգամ չեն ուզում նրա խափանման միջոց կալանքը փոխել, այն դեպքում, երբ ՌԴ նախագահը բազմիցս ուղղղակի և անուղղակի ձևով ցույց է տվել իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվություն, որ ապրիլին պետք է լիներ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպում, երբեք չի եղել։
«Ասվել է, որ տարվա առաջին կեսին նախատեսվում է հանդիպում, բայց որ այդ հանդիպումը պետք է ապրիլին լիներ՝ նման բան չկա։ Որևէ կոնկրետ ժամանակահատված չի նշվել»։
Գևորգյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք արդեն հստակեցված են հանդիպման ժամկետները։
«Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ է նախատեսված այդ հանդիպումը, միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ բնականոն հունով ընթանում է և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»։