
Մտահոգ ենք Սևանա լճի պահպանության հարցով. ՏԿԵ նախարար

Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2025 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին դիտվել է համապատասխանաբար վայրկյանում 5,6 և 4 խորանարդ մետր, երբ նույն ցուցանիշները 2024-ի համեմատ կազմել են վայրկյանում 6,7 խորանարդ մետր և վայրկյանում 6,5 խորանարդ մետր: Այս մասին նիստի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ինչ վերաբերում է խոշոր ջրամբարների լցվածությանը, այստեղ ունենք ցուցանիշների շատ հստակ տարբերություն նախորդ տարվա համեմատ: 2025-ի սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմել է 225 մլն խորանարդ մետր, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է շուրջ 140 մլն խորանարդ մետրով:
Ոռոգման ջրի պահանջարկի, ջրաղբյուրների և առկա վիճակի վերլուծության արդյունքում հանգել ենք Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խորանարդ մետր ջրաքանակ վերցնելու անհրաժեշտությանը»,-ասել է նախարարը:
«Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք ևս, ինչպես բոլորը, մտահոգ ենք Սևանա լճի պահպանության հարցով՝ որպես ռազմավարական ջրային պաշար, սակայն Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հողատարածքներում, այլ ջրաղբյուրների բացակայությամբ պայմանավորված, նշված փոփոխության անհրաժեշտությունն է առաջացել»,- հավելել է Խուդաթյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ նիստի շրջանակում քննարկում է գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր ապահովելու նպատակով Սևանա լճից 30 մլն խմ-ով ավելի ջրառ իրականացնելու հարցը: