
Լեհաստանի վարչապետը հայտնել է, որ ԱԹՍ-ների մեծ մասը երկիր է մուտք գործել Բելառուսից

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրն այսօր առավել մոտ է զինված հակամարտությանը, քան երբևէ։
Վարշավան պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին՝ ակտիվացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածը, ընդգծելով, որ Լեհաստանին անհրաժեշտ է ավելին, քան պարզապես համերաշխության արտահայտությունները։
«Սա փոխում է քաղաքական իրավիճակը։ Ուստի դաշնակիցների խորհրդակցությունները վերածվեցին պայմանագրի 4-րդ հոդվածի ակտիվացման վերաբերյալ պաշտոնական դիմումի»,- ասել է Տուսկը։
Հիշեցնենք, որ պայմանագրի 4-րդ հոդվածը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի՝ հարց բարձրացնել դաշինքի ներսում քննարկման համար, սակայն այն չի ենթադրում անմիջական ռազմական արձագանք։
Տուսկը նաև նշել է, որ միայն նախորդ գիշեր գրանցվել է 19 ներխուժում Լեհաստանի օդային տարածք, որոնցից չորս անօդաչու սարք խոցվել է։ Նրա խոսքով՝ անօդաչուների զգալի մասը Լեհաստան է մուտք գործել Բելառուսից։