
Աշխարհում այսօր արձանագրվում է միջուկային սպառազինության աճ․ Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հայտարարել է, որ գլոբալ մակարդակում այսօր արձանագրվում է ոչ թե զինաթափման, այլ միջուկային սպառազինության աճ։
«Երկրները զարգացնում և ավելացնում են իրենց միջուկային զինանոցները։ Միևնույն ժամանակ միջուկային զենք չունեցող որոշ երկրներ ավելի բաց են խոսում նման ուժ ունենալու հնարավորության, նույնիսկ անհրաժեշտության մասին։ Մեր խնդիրը պետք է լինի խոչընդոտել այդ միտմանը»,– նշել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։
Գրոսսին ընդգծել է Հռոմի Պապի` զինաթափման կոչերի կարևորությունը՝ նշելով, որ դրանք պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների։ Նրա խոսքով՝ սա միջուկային անվտանգության ոլորտում ամենամեծ մարտահրավերն է մինչ օրս։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակին՝ նշելով, որ օբյեկտը շարունակում է լուրջ վտանգի տակ մնալ ռազմական գործողությունների հետևանքով։
Գրոսսին հուսադրող է համարել այն հանգամանքը, որ Ալյասկայի գագաթնաժողովում երկար դադարից հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն կրկին բարձրացրել են միջուկային զինաթափման հարցը։