Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց

Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականների միջև խաղն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով, ովքեր հինգ անպատասխան գոլ խփեցին Հայաստանի հավաքականի դարպասը։


Հայաստան-Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել էր 0-3 հաշվով։ Խաղին ներկա էր 14 401 հանդիսատես:


SofaScore-ի տվյալներով՝ Պորտուգալիայի դեմ Հայաստանի հավաքականի կազմում լավագույնը Տիգրան Բարսեղյանն է՝ 7.2 վարկանիշով: Թիմի ավագը խաղադաշտում անցկացրել է 78 րոպե, կատարել է 3, 4 հարված։Բարսեղյանը կատարել է նաև 1 հաջող դրիբլինգ (100%), 1 փոխանցում, 89% ճշգրտությամբ փոխանցումներ կատարել:


Հանդիպման նախօրեին արդեն պարզ էր, որ Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի պաշտպանությունում ու մասնավորապես կենտրոնում։ Վարազդատ Հարոյանը հրաժարվել էր հանդես գալ հավաքականում, Ստյոպա Մկրտչյանն էլ վնասվածքի պատճառով էր բաց թողնում խաղը։ Եվ հենց այս գործոնը պորտուգալացիները շատ լավ օգտագործեցին արդեն 10-րդ րոպեին։ Ժոաու Կոնսելուն շրջանցեց Նաիր Տիկնիզյանին, «կախեց» գնդակը մեր դարպասապահի հրապարակ, ու երեք ֆուտբոլիստների շրջապատման մեջ գտնվելով` Ժոու Ֆելիքսը գլխի հարվածով շատ հանգիստ բացեց հաշիվը։ 21-րդ րոպեին գոլերի թիվը ավելացրեց Ռոնալդուն։ Իսկ առաջին կեսում հյուրերի խոշոր հաշվով առավելությունը ապահովեց Ժոաու Կոնսելուն։


Երկրորդ խաղակեսը սկսվեց նրանով, որ 40-ամյա Ռոնալդուն հավաքականի կազմում համաշխարհային ռեկորդը հասցրեց 140-ի։ Հայաստանի հավաքականը մեղմ ասած անօգնական վիճակում էր։ Իսկ Ժոաու Ֆելիքսը հետևեց Ռոնալդուի օրինակին և դարձավ դուբլի հեղինակ։ Փաստն այն է, որ Պորտուգալիայի հավաքականի դարպասին ուղղված հարվածը մեր կողմից արդեն ուրախություն էր, և այն, որ պարզ էր խաղից առաջ, պարզ դարձավ նաև խաղի ընթացքում՝ Պորտուգալիան բացահայտ ֆավորիտ էր այս խաղում։ Հայաստանի հավաքականը Եղիշե Մելիքյանի նորամուտի խաղում պարտվեց խոշոր հաշվով։


Հաջորդ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 9-ին։ Այդ օրը աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը ընդունելու է Իռլանդիայի ընտրանուն։

Քաղաքականություն