«Սպայկա»-ից հաստատել են, որ 100 ավելի բեռնատարներ Ռուսաստանում կանգնած են. «Ազատության»

Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունից՝ «Սպայկա»-ից այսօր պաշտոնապես հաստատեցին «Ազատության» տեղեկությունները, որ իրենց ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուաստանում արդեն մի քանի օր է արգելափակված է: Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն լրատվականին հայտնել է՝ իրենց իրավաբաններն արդեն Ռուսաստանում են, փորձում են պատճառները հասկանալ:


«Մեզ պաշտոնապես չեն տեղեկացրել՝ ինչ խնդիր է, հարցը նրա մեջ է, որ մեքենաները կանգնեցրել են և որևէ հիմք չեն ասել, չգիտենք, էդ մեքենաները ուղղակի որտեղ որ էդ պահին գտնվել են, իրենք կանգնեցրել են», - նշել է Բաղդասարյանը:


24 տարի առաջ հիմնադրված «Սպայկա» ընկերությունն ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ բեռնափոխադրումներից բացի նաև սեփական այգիների բերքն է արտահանում: Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ են բախվել այսպիսի խնդրի: Բեռնատարներում եղած շուտ փչացող ապրանքը՝ գյուղմթերքը, ռուս իրավապահները թույլ են տվել տեղական այլ մեքենաներով հասցնել հասցեատերերին, բայց հենց «Սպայկա»-ի բեռնատարների շարժն արգելել են:


«Ռուսաստանի բոլոր քաղաքներում, որտեղ եղել են մեքենաները, մեկ-երկու օրվա մեջ բոլոր մեքենաները կանգնեցել են ու ասել են՝ «մեքենաները չեն շարժվելու, եթե մեջը բեռ ունեք, բեռները կարող եք ուրիշ մեքենաների մեջ տեղափոխել և տանել հասցնել հասցեատիրոջը: Ու վարորդները սպասում են հերթական հրահանգին և նաև օգնում են էդ մեքենաների մեջի բեռները հասցեատերերին հասցնելու կազմակերպչական գործերում», - ասել է «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրենը:


Ռուսական պաշտոնական ու լրատվական կայքերում դեռ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչու է հայկական ամենախոշոր արտահանող ընկերությունն այսպիսի խնդիրների բախվել մի երկրում, որտեղ տարիներ շարունակ ապրանք են տեղափոխել, համագործակցել առևտրային ամենախոշոր ցանցերի հետ: Լուռ են նաև Հայաստանի համապատասխան կառույցները:


Բաղդասարյանը հայտնել է, որ դիմել են պատկան մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը, տեղյակ են պահել, որ նման խնդիր կա: «Բայց քանի որ մենք ավել տեղեկություն չունենք, ուղղակի տեղեկացրել ենք», - հավելեց «Սպայկա»-ի ներկայացուցիչը, - «Տեղյակ ենք, որ իրենք էլ հետաքրքրվում են նաև էս հարցով, բայց դեռ իրենք էլ ավել տեղեկություն չունեն»:


Մանրամսաները` սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ