
Ալիևը՝ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու մասին։
«Իմ հայ գործընկերոջ հետ միասին մենք նախագահ Թրամփին առաջադրեցինք Նոբելյան խաղաղության մրցանակի։ Նա իսկապես արժանի է դրան։ Ինչպես ասացի Վաշինգտոնում իմ մեկնաբանություններում, մի քանի ամսվա ընթացքում նա հրաշքներ է գործել Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Կովկասում։ Նա խաղաղություն է ուզում։ Նա այնպիսի մարդ է, որը բացարձակապես չի համապատասխանում արևմտյան առաջնորդի ավանդական կերպարին։
Գիտեք, ամերիկյան վարչակազմերը միշտ սիրում են դասախոսություններ կարդալ ամբողջ աշխարհին, թե ինչպես ապրել, ինչպես կառուցել ժողովրդավարություն, ինչպես անցկացնել ընտրություններ և այլն։ Մենք բոլորը սա շատ լավ գիտենք։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ նախաձեռնեցին նախագահ Թրամփի դեմ ամենամեծ ընտրակեղծիքը՝ զրկելով նրան հաղթանակից։
Այնուամենայնիվ նա մեծ քաջություն և արժանապատվություն ցուցաբերեց՝ վերադառնալով Ամերիկա, որտեղ բոլոր այս «ճահճի մեջ գտնվող գորտերը», ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), «Ազատություն» ռադիոկայանը, կեղծ լուրերի արտադրողները, այդ թվում՝ «Վաշինգտոն Փոստը», «Նյու Յորք Թայմսը», «Ուոլ Սթրիթ Ջորնալը», «Նյուզվիքը», նրա դեմ էին», - ասել է Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում։