Պուտինը խստացրել է տարածքային պահանջները Ուկրաինայի նկատմամբ. Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խստացրել է Ուկրաինայի նկատմամբ տարածքային պահանջները և չի պատրաստվում վերադառնալ բանակցություններին, քանի դեռ ռուսական բանակը լիովին չի վերահսկում Դոնբասը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվան այլևս չի դիտարկում Ուկրաինային օկուպացված տարածքների որևէ մաս վերադարձնելու տարբերակը նույնիսկ հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակում։ Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է պահպանել Սումիի և Խարկովի մարզերի իր վերահսկողության տակ գտնվող հատվածները՝ որպես «անվտանգության բուֆերային գոտի»։
Bloomberg-ի տվյալներով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը Պուտինին վստահեցրել է, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի մարզը։ Սակայն ռազմական աղբյուրներից մեկը նման ժամկետը չափազանց լավատեսական է համարել՝ նշելով, որ շատ զինվորականներ ավելի իրատեսական են համարում այդ նպատակի իրականացումը միայն 2027 թվականին։
Աղբյուրները նաև պնդում են, որ Պուտինը հրաժարվել է նախկինում քննարկվող տարածքային փոխանակման գաղափարից այն բանից հետո, երբ համոզվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2025 թվականի օգոստոսին Անքորիջում ձեռք բերված ոչ պաշտոնական պայմանավորվածություններն այլևս ուժ չունեն։ Վաշինգտոնը, սակայն, հերքել է նման պայմանավորվածությունների գոյությունը։
Կրեմլի դիրքորոշման կոշտացման վրա, ըստ աղբյուրների, ազդել են նաև Թրամփի աջակցությունը ռուսական նավթի և գազի խոշոր գնորդների նկատմամբ մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանելու նախաձեռնությանը, ինչպես նաև ուկրաինական հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, որոնք հանգեցրել են վառելիքային խնդիրների։
Միաժամանակ Ուկրաինան շարունակում է պնդել, որ հրադադարը պետք է հաստատվի ներկայիս շփման գծի երկայնքով և մերժում է Դոնեցկի մարզի դեռևս չօկուպացված հատվածները Ռուսաստանին փոխանցելու պահանջը։
Վերջին շաբաթներին Ռուսաստանը ուժեղացրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ։ Ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) գնահատմամբ՝ Ռուսաստանն այժմ վերահսկում է Դոնեցկի մարզի շուրջ 80 տոկոսը, սակայն գործող առաջխաղացման տեմպերով դեռևս պարզ չէ, թե արդյոք այն կկարողանա ամբողջությամբ գրավել մարզը։