Ընդդիմադիրների մասին գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք նախ ձեզ. Դանիելյանը` Գևորգ Պապոյանին

Ընդդիմադիրների մասին ցինիկ գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք նախ ձեզ, ձեր ապաշնորհ քաղաքականությանն ու անգործությանը, որի պատճառով բոլոր ոլորտները, այդ թվում՝ տնտեսությունը, հայտնվել են ողբերգական վիճակում: Այս մասին է գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի Գևորգ Պապոյանի այն գրառմանը որտեղ նշել էր. «Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը։ Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»։


Դանիելյանը գրառման մեջ մասնավորապես նշել է.


«Օրերս ահազանգել էի, որ գյուղմթերքով, մրգերով և շինանյութով բեռնված տասնյակ բեռնատարներ Վերին Լարսի անցակետում բախվելով խոչընդոտների՝ հետ են վերադառնում:


Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ այս օրերին տեղադրվելու է շարժական լաբորատոր կետ, որտեղ մինչ Վերին Լարսի անցակետ հասնելը մանրազնին ուսումնասիրության են ենթարկվելու գյուղմթերքով բեռնված բեռնատարները:


Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով, որպեսզի նման խնդիրներ չառաջանային։ Դեռևս ամիսներ առաջ, երբ կոնյակագործները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ահազանգելով, որ հայկական խմիչքերը Վրաստանի տարածքով ՌԴ չեն հասնում, նախարարը օրեր շարունակ խոստանում էր անձամբ մեկնել Վրաստան և տեղում լուծել խնդիրը։ Իսկ «լուծումն» այն է, որ նվազեցվել են կոնյակի արտադրության ծավալներն ու արտահանումը»։


«Ի՞նչ էր անում Գևորգը, երբ արգելվում էր ծաղիկների արտահանումը ՌԴ՝ հսկայական վնասներ պատճառելով ջերմոցատերերին։ Հիշեցնեմ, որ ծաղիկ արտադրողները որպես բողոքի նշան մայրուղիների վրա էին նետում վաճառքի համար անպիտան դարձած ծաղիկները։


Հեղուկ գազով բեռնված բեռնատարները ևս չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի հետևանքով 100%-ով թանկացել է հեղուկ գազը։ Բեռնատարների վարորդներն ահազանգում են, որ պետության անգործության պայմաններում իրենք ստիպված են այս հարցերն անձամբ «լուծել» պատկան մարմինների հետ։ Սրա պատասխանը ո՞վ պիտի տա։

Ինչ վերաբերում է գյուղմթերքով բեռնված բեռնատարների խնդրին, ինքս ամեն պահի կապի մեջ եմ բեռնափոխադրողների հետ, նրանցից ստանում եմ տեսանյութեր, որտեղ պարզ երևում են բեռնատարների հերթերը»,- գրել է Դանիլյանը: 


«Ի դեպ, Ռոսսելխոզնադզորը փոխանցում է, որ 3 օրվա ընթացքում Հայաստանից ստացվել է կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, որոնցից վերադարձվել է 21-ը, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը 4 բեռնատար: Հիմա ո՞վ է ստում։

Մեր քաղաքականության հիմնական սկզբունքներից է յուրաքանչյուր խմբի կողքին լինելը՝ կլինի գյուղատնտես, ֆերմեր, արտադրող, թե արտահանող։ «Հերոս» հարկատուների հաշվին իրենց անձնական բարեկեցությունը հոգացող իշխանությունների հետ մեր տարբերությունը նաև սրանում է»,- գրառման մեջ հավելել է Գառնիկ Դանիելյանը: 


Քաղաքականություն

Պատահարներ