
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում սկսվել է Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման քննարկումը։
Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։ Նա նշել է, որ շատ լավ հանդիպում է ունեցել Ուկրաինայի և եվրոպական ղեկավարների ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որոնց հետ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք պետք է տրամադրվեն տարբեր եվրոպական երկրների կողմից՝ ԱՄՆ-ի հետ համակարգմամբ։
«Բոլորը գոհ են Ռուսաստանի և Ուկրաինայի համար խաղաղության հնարավորությունից։ Հանդիպումների ավարտից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հանդիպման նախապատրաստումներ, որի վայրը դեռ պետք է որոշվի», - գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումից հետո կլինի եռակողմ հանդիպում այդ երկու նախագահների և իր մասնակցությամբ։
Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նրանց միացել են եվրոպացի առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։