
«Եվրաեռյակը» պատրաստ է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին հայտնել են, որ պատրաստ են վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, ասվում է համատեղ նամակում։ Հաղորդել է AFP լրատվական գործակալությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ասվում է, որ երեք եվրոպական տերությունները «պարտավոր են օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները՝ ապահովելու համար, որ Իրանը չմշակի միջուկային զենք», եթե Թեհրանը չպահպանի նրանց հետ խոսելու վերջնաժամկետը։
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը քաղաքացիական նպատակներով է և հերքել է միջուկային զենքի ստեղծման ձգտումը։
Նշենք՝ զգուշացումը հնչել է Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը կասեցնելու շուրջ լարվածության աճի ֆոնին։ Թեհրանը դադարեցրել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի հետ համագործակցությունը, այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսին 12-օրյա պատերազմ սկսեց Իրանի դեմ։
Այդ ժամանակ Իրանը բանակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի շուրջ, նախքան Վաշինգտոնը ավելի ուշ հակամարտության ընթացքում ռմբակոծություն իրականացրեց Իրանի միջուկային օբյեկտների վրա։