
Վերջապես կարգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդը երեխաների համար

Վերջապես ընդունվեց օրենքը, որով կարգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդը մինչև 18 տարեկանների համար։ Եվ վերջապես հնարավորթյուն ընձեռվեց երեխաներին հետ պահելու՝ վնասակար և վտանգավոր երևույթներից։
Այսպիսով՝ ըստ որոշման՝ արգելվում է ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդի տեղակայումը մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:
Ինչպես նաև էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է.
ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացատական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են սպորտային մրցումներին մասնակցելու և հաջողության հասնելու, այողջության պահպանման կամ բարելավման նպատակով ուժային գործողություններ իրանանացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար.
դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետևանքների մասին' սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամ հնչեցմամբ.
ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են ալկոհոլային խմիչքների հետ համատեղ.
է) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց.
ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգովածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառումը, որը պետք է լինի հստակ և ընթեռնելի:
«Գովազդի մասին» օրենքի լրացումներն ուժի մեջ են մտնում այս տարվա օգոստոսի 14-ից։