
Լոպեսի համերգից հետո մարզադաշտի խոտածածկը մի փոքր է վնասվել է. հնարավոր է «Արարատի» խաղը հետաձգվի. տնօրեն

Համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը մի փոքր է վնասվել: Լուրջ խնդիր չկա: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
Ըստ պաշտոնական տվյալների, օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա է եղել 30.000 երկրպագու: Հանդիսատեսի զգալի հատվածը համերգին հետեւել է ֆան գոտուց, որը կառուցված էր անմիջապես խաղադաշտի կենտրոնում՝ խոտածածկի վրա: Շուրջ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հայ երկրպագուները խոտածածկի վրա պարել են եւ վայելել փոփ արտիստի առաջին մեծ համերգը Երեւանում: Համերգից հետո օգոստոսի 4-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մասնագետների հետ այցելել են «Հանրապետական» մարզադաշտ եւ տեղում ծանոթացել խոտածածկի վիճակին:
«Համերգից հետո մարզադաշտի խոտածածկը մի փոքր է վնասվել, բայց ամեն ինչ կարգավորվող է, ամեն ինչ լավ է լինելու: Լուրջ խնդիր չկա, ինչն էլ վնասվել է, մեր մասնագետները կշտկեն, թեմա չի լինի: Գազոնը փոխելու կարիք, կարծում եմ չի առաջանա: «Հանրապետական» էին ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահը, որոնք մասնագետների հետ նայել են, գնահատել են խոտածածկի վիճակը: Մարզադաշտ այցելելուց հետո ֆեդերացիայում մասնագետների հետ քննարկում է եղել: Ֆեդերացիայից ավելի ճիշտ կասեն, թե ինչ վիճակում է խոտածածկը:
Բնություն է, խոտ է, կվերականգնվի, որեւէ խնդիր չի լինի: Կտեսնենք, ամեն ինչ կանենք, որ վերականգնվի: Գուցե այս իրավիճակով պայմանավորված ֆեդերացիան ընդամենը «Արարատի» (խոսքը՝ «Արարատ-Արմենիայի ԿԼ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի մասին է,- խմբ.) խաղը հետաձգի: Այլ խնդիր չի առաջանա: Ֆեդերացիան ավելի ստույգ կպատասխանի այս հարցի վերաբերյալ, քանի որ ինքս մասնագետ չեմ, որ վնասը գնահատեմ: Մասնագետները խոսել են, ՀՖՖ նախագահը, փոխնախագահը եկել են, գնահատել են եւ իրենք միայն կարող են հստակ պատասխանել»,- հայտնել է Աշոտ Բարսեղյանը: