Հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. Հայաստանի կառավարությունն` աղմկահարույց լուրի մասին

Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։ Այս մասին հայտնում է ՀՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


«Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։


Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։


Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»,- գրված է հաղորդագրության մեջ:



Periodista Digital Իսպանիա թերթը գրել էր, որ Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին: 


«Թերթը մեջբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գաղտնի հուշագիրը, որը տարածված է հայկական սփյուռքում։ Այն նախատեսում է ստեղծել 42 կիլոմետր երկարությամբ «Թրամփի կամուրջ» անունը ստացած տրանսպորտային միջանցք, որը կանցնի Սյունիքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Սա Ադրբեջանի հիմնական պահանջներից էր 2020 թվականի պատերազմից հետո։


Տրանսպորտային միջանցքի կառավարումը կտրվի ամերիկյան մասնավոր ընկերության։ Երևանը կստանա երթուղուց օգտվելու եկամտի միայն 30%-ը։ Հրատարակության համաձայն՝ հուշագիրն արդեն հաստատվել է 3 երկրներում։


Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ զգալի ուժերի տեղակայում ՀՀ տարածքում։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ դրանք կլինեն ոչ թե կանոնավոր ամերիկյան զինված ուժեր, այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ մոտավորապես 1000 մարտիկ։ Նրանք լիազորված կլինեն ուժ կիրառել։


Հուշագրի պայմանների համաձայն՝ ՄՄԿ-ն պահպանում է տրանսպորտային միջանցքի երկայնքով անվտանգության հատուկ դիրքորոշում և լիազորված է ուժ կիրառել «միջանցքի ամբողջականությունը պահպանելու համար»»,- գրել է իսպանական թերթը:





Քաղաքականություն