
Փաշինյանը` Էրդողանի հետ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բացասական տպավորություն չի ստացել։ Այդ մասին նա այսօր ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես շնորհակալություն եմ հայտնել Թուրքիայի նախագահին բաց ու անկեղծ խոսակցության համար։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը` կոմունիկացիաների բացման, հարաբերությունների հաստատման, տարբեր ոլորտներում հնարավոր գործակցության, Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ։ Ընդհանուր տպավորությունները եղել են դրական. չեմ կարող որևէ նեգատիվ նյուանս նշել այդ հանդիպման համար, սակայն նշել, թե այդ հանդիպման արդյունքում շոշափելի որևէ բան է որոշվել` ո՛չ, ասենք` սահմանն այդ հանդիպման արդյունքներով չբացվեց»,– նշեց նա։
Վարչապետի խոսքով` մենք մեր ընկալումներն էլ պետք է փոխենք, որ երկար ժամանակ խոր, արմատավորված հարցերն այդպես մեկ բանակցությամբ, մեկ հանդիպումով չեն լուծվում, պետք է հետևողականորեն աշխատել, վստահություն ստեղծել, հանրություններին նախապատրաստել, քանի որ շատ բարդություններ ու բարդույթներ կան այդտեղ։
«Չեմ կասկածում, որ մենք այդ կետին հասնելու ենք, որ, ի վերջո, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու, և սահմանն է բացվելու Թուրքիայի հետ»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ Թուրքիայի հետ կա մշտական երկխոսություն, ինչի համար ինքը շատ ուրախ է։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։