ԱՄՆ-ն առաջարկում է Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնել

ԱՄՆ-ն առաջարկել է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Սյունիքում տրանսպորտային միջանցքը՝ երկու հարավկովկասյան երկրների միջև խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը արագացնելու համար։ Այս մասին նախօրդ ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հաղորդում է Middle East Eye-ը։


Բարաքի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարով վարձակալել ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածը և այն փոխանցել ամերիկյան մասնավոր ընկերությանը՝ որպես չեզոք միջնորդ։ Սա Վաշինգտոնի կարծիքով, կարող է վերացնել փոխադարձ անվստահությունը և արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը։


«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, և սա շարունակվում է արդեն տասը տարի։ Այսպիսով, Ամերիկան ասում է. «Լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ ճանապարհը հարյուր տարով, և բոլորը կկարողանան օգտվել դրանից», - ասել է Բարաքը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


Քարնեգի հիմնադրամի տվյալներով՝ ծրագիրը հիմնված է ԵՄ նմանատիպ առաջարկի վրա և նախատեսում է, որ ամերիկյան լոգիստիկ ընկերությունը կհսկի ապրանքների տեղափոխումը երթուղով, երկու կողմերին էլ տրամադրելով թափանցիկ տվյալներ։ 

Քաղաքականություն