
Իսրայելական բանակը հայտարարություն է արել

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ իրենք համաձայն են, պաղեստինյան «Համաս» շարժման հետ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու գործարքի կնքմանը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրին:
Նրա խոսքով՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակությունը սպառնում է իսրայելցի պատանդների կյանքին։
«Այս պահին նպատակահարմար չէ «Համաս»-ին ռազմական միջոցներով էլ ավելի թուլացնելու մեր փորձերը»,- ասել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը։
Հավելենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, շարունակում է պնդել «Համասին ամեն կերպ պետք է իշխանությունից հեռացնել և լիովին զինաթափել»։
Հիշեցնենք՝ Իսրայելի բանակը վերսկսեց մարտական գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը: Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ մի քանի փուլով բանակցությունների ընթացքում կողմերը չկարողացան համաձայնության գալ նոր համաձայնագրի պայմանների շուրջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի: «Համաս»-ը միջնորդներին դրական արձագանք տվեց առաջարկվող պլանին, սակայն հուլիսի 6-ին Իսրայելի և Համասի միջև անուղղակի բանակցությունների փուլն ավարտվեց առանց արդյունքի: