Քաղաքականություն

Վրաստանում օտարերկրացիների համար նոր կանոններ են ուժի մեջ մտնում

Վրաստանում օտարերկրացիների համար նոր կանոններ են ուժի մեջ մտնում

Վրաստանում օտարերկրացիների հաշվառման և երկրում նրանց իրավական վիճակի մոնիտորինգի նպատակով կգործարկվեն տվյալների նոր միասնական բազա և օտարերկրացիների ռեեստր (Կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու, աշխատելու համար դիմում), գրում է  aliq.ge-ն: 


Այս փոփոխությունները կատարվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» օրենքում։


Համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։


Նոր կարգավորմամբ նախատեսված է երկու հիմնական ուղղություն՝ օտարերկրացիների ռեեստրի և տվյալների միասնական բազայի ստեղծում։


«1. Օտարերկրացիների հաշվառման և նրանց իրավական վիճակի մասին տվյալների միասնական բազայի ստեղծման նպատակով կարող է ստեղծվել օտարերկրացիների ռեեստր, որի վարչարարությունը կիրականացնի (Արդարադատության նախարարության) Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։ Օտարերկրացիների մասին տվյալների միասնական բազայի վարման, այս տվյալների բազայում առկա տվյալների (այդ թվում՝ կենսաչափական/բիոմետրիկ տվյալների) մշակման և այլ պետական գերատեսչություններին փոխանցման/կիսման կանոնները սահմանվում են Վրաստանի կառավարության որոշմամբ։


2. Պետական անվտանգության, հասարակական անվտանգության և/կամ իրավակարգի ապահովման համար ստեղծվում է տվյալների բազա այն օտարերկրացիների մասին, որոնք Վրաստանում գտնվում են կամ գտնվել են առանց օրինական հիմքի։ Այս տվյալների բազայի վարչարարությունն իրականացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը»,- գրված է օրենքում։


ՆԳՆ տվյալների բազայում առկա տեղեկատվությունն ու փաստաթղթերը չեն հանրայնացվի։ Տվյալների բազայի ստեղծման և վարման, նաև տվյալների մշակման և փոխանակման կանոնները կսահմանի Վրաստանի ներքին գործերի նախարարը։


Օտարերկրացիների միասնական ռեեստրի ստեղծման մասին անցյալ ամիս խոսել է նաև ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։


«Ներմուծվում է օտարերկրացիների միասնական ռեեստրի հասկացությունը։ Կարծում եմ՝ ռեեստրը լուրջ հիմք է, որ մանրամասն հաշվառվի և իրականացվի բոլոր օտարերկրացիների մուտքի, երկրում գրանցման, ծառայություններից օգտվելու վերահսկողությունն ու հաշվառումը։ Ինչպես Վրաստանի քաղաքացիների համար գոյություն ունի ռեեստր, այնպես էլ կարծում ենք, որ Արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալության բազայի վրա պետք է ստեղծվի օտարերկրացիների միասնական ռեեստր։ Սա մեզ հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր օտարերկրացու երկիր մուտքը, ծառայություններից օգտվելը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը դառնան արդյունավետ»,- ասել է Դարախվելիձեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250