
Կառավարման համար ավելի էֆեկտիվ է. քաղաքական նպատակ չկա. Խուդաթյան

Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման նպատակը համայնքն ավելի արդյունավետ կառավարելու համար է։ Այսօրը ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանի հարցին։
«ՀՀ-ում, բացի գոյություն ունեցող Վաղարշապատից, չկա այնպիսի համայնք, որ բաղկացած է մեկ քաղաքային և մեկ գյուղական բնակավայրից։ Համայնքն այդ տեսքով մեր համահարթեցման մասին օրենքի շրջանակներում տրված դոտացիաների տրամաբանության մեջ տուժում է, որովհետև առաջին կոմպոնենտներից մեկը, որ հաշվի է առնվում, համայնքի բազմաբնակավայր լինելն է»,- հայտարարել է Խուդաթյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանը հակադարձեց նախարարին. «Եթե քաղաքական նպատակ չկա, ի՞նչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, ընդ որում՝ առանց լսումներ անցկացնելու»։
«Ընդամենը դրել եք օրենք, բրդում եք առաջ, որ կարողանաք ձեր քաղաքական նպատակներն իրագործեք։ Ձեր բերած հիմնավորումները հիմնավորում չեն խոշորացման կամ միավորվող համայնքների գործող օրենքին»,- ասել է Արման Ղազարյանը։